Մեծ տրամաչափի զենքերից էին կրակում Մովսես գյուղի վրա, պատուհանի տակ քնած երեխան հրաշքով է փրկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2024-04-06_16-46-48

Հիմա լրիվ խաղաղ է, ժամը 05:00-ից հետո կրակոց չի եղել, գյուղում նորմալ իրավիճակ է` ամեն մեկն իր գործով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես համայնքի նախկին ղեկավար Զավեն Պապյանը:

«Կոնկրետ  գյուղն էին թիրախավորել, ես անձամբ լսել եմ կրակոցները, գիշերը 11:30-ից սկսվել է մինչև 4:30-05:00-ի սահմանները շարունակվել, ինտենսիվ կրակոցներ էին: Մեծ տրամաչափի զենքերից էին կրակում` «ДШК», «КПВД»»,- պատմեց Պապյանը:

Նախկին ղեկավարի խոսքով, գյուղը մեծ վնասներ է կրել. «Տներ է վնասվել, մի տան վրա էլ, որ կրակել են պատուհանի տակ երեխա է քնած եղել, բարեբախտաբար երեխան հրաշքով փրկվել է»:

Պապյանը նաև նշեց, որ ադրբեջանցիները գյուղի գերեզմանատունն էլ են թիրախավորել ինչի հետևանքով քարեր են վնասվել:

Նախկին ղեկավարից նաև ճշտեցինք, թե նախկինում արդյո՞ք նման կրակոցներ եղել են. «Նման կրակոցներ չի եղել, մոտ 4-5 տարի է չէին կրակում, այսօր շատ ինտենսիվ էր ու կոնկրետ թիրախում Մովսես գյուղն էր»:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ