Հովհաննես Հարությունյանը նոր ակումբ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

փ

«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը տեղափոխվում է ռուսական «Սոչի», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հարությունյանը խաղացել է ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկի» գլխավոր թիմում: Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիայից» վերադառնալով հարազատ ակումբ՝  օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել էր 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հարությունյանը նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» գույներով հատեց 100 հանդիպման շեմը: Արդեն 2023/24-ի աշնանային հատվածում թիմի սանը գրանցեց անձնական ռեկորդ ու անցկացնում էր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը. ներքին մրցաշարերում Հովհաննեսն իր անվան դիմաց ունի 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում:

Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով:

--00—ԼՀ