Ռուսներին զենքի համար կանխիկ փող ենք տվել, տեղը Շոյգուն մի հատ դաշույն տվեց Արշակ Կարապետյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Լուկաշենկոն թող հիշի, որ ասում էր՝ հայերը ո՞ւր պետք է գնան, մտածում էր իրանց «գրպանը գցած ենք», հայերին արհամարհելով՝ իրենց հարցերը կլուծեն, բայց տեսան, որ իրանցից բացի կա աշխարհ՝ ԱՄՆ, Եվրոպա, որտեղ բարեկամներ ենք փնտրում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին չմասնակցելու Փաշինյանի որոշմանը։

«ՀԱՊԿ-ը մեր հարցերին չի պատասխանել, արդեն մեկ տարի է՝ ասում ենք՝ քաղաքական գնահատական տվեք պատերազմից հետո Ադրբեջանի կողմից տարածքների գրավմանը։ Մեկ տարի է պատասխանի ենք սպասում, քանի պատասխան չեն տվել, կշարունակենք սպասել պատասխանի»,- ավելացրեց Մելքոնյանը։

Դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ասել էր, որ Արևմուտքը գիշատիչի պես ճանկել է Հայաստանին, որ Ռուսաստանից պոկի, և Նիկոլ Փաշինյանի Մինսկ չգնալը պետք է նայել որպես շղթայի մաս, պատգամավորը պատասխանեց․ «Զախարովան խելոքացել է, հասկանում է, որ մեր պետական շահով պետք է առաջնորդվենք, եթե ձեր դաշնակցային խնդիրները չեք լուծում, մենք այլընտրանք ենք փնտրելու, որ մեր ժողովրդի անվտանգությունը ապահովենք։ ՌԴ-ի հետ ոչ մի հարաբերություն չենք փչացրել, մեր շահով ենք առաջնորդվում»։

Խոսելով Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք գնելու մասին՝ Մելքոնյանը նշեց, որ մենք պաշտպանական զենքեր ենք ձեռք բերում, ինչ զենք էլ լինի՝ մեկ ամսում կարող է ԶՈՒ-ում ինտեգրվել։ «Օդի պաշտպանությունը մեր ցավոտ տեղն է, 44-օրյա պատերազմի ժամանակ ՏՈՌ-երը խոցվեցին, ՌԴ-ն մեր օդը պահող չէ։ Ռուսներին զենքի համար կանխիկ փող ենք տվել, տեղը Շոյգուն մի հատ դաշույն տվեց Արշակ Կարապետյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ