ԱՄՆ-ն և Կանադան իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News

կա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի լիակատար աջակցությունն է հայտնել Իսրայելին՝ նշելով, որ ԱՄՆ-ն կանգնած է Իսրայելի կողքին։ Իսրայելին աջակցություն է հայտնել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ օգնության պատրաստակամություն հայտնելով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով երկու երկրների ղեկավարների տարածած հայտարարությունները։

«Համաս»-ի կողմից Իսրայելի դեմ հարձակման երկու օրերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

X սոցիալական ցանցի իր հարթակում Բայդենը նշել է, որ Նեթանյահուի հետ զրուցել է՝ «լիակատար աջակցություն հայտնելու Իսրայելի ժողովրդին «Համաս»-ի ահաբեկիչների կողմից այս աննախադեպ և սարսափելի հարձակման առնչությամբ»։

Բայդենը նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ԱՄՆ-ն Իսրայելին կապահովի այն աջակցությամբ, որն անհրաժեշտ է, «որ նրանք կարողանան պաշտպանել իրենց»։  

Իր հերթին Կանադայի վարչապետը նիստ է անցկացրել նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ «դատապարտելով «Համաս»-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի դեմ և արտահայտելով Կանադայի լիարժեք աջակցությունը Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իրեն»։

Մեկ այլ հայտարարության մեջ էլ Ջասթին Թրյուդոն կոչ է արել անհապաղ ազատ արձակել գերիներին՝ նշելով, որ Կանադայի կառավարությունը պատրաստ է աջակցել Իսրայելի ժողովրդին։

Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 400-ից ավելի զոհի մասին։

--00--ԼՀ