Մարությանին կոչ եմ անում ծպտուն չհանել, այլապես ստիպված կխոսեմ, թե քաղաքապետարանում ինչ էր կատարվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Վերջին մեկ տարում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Երևանում տնկվել է 30 հեկտար քաղաքային անտառ, համեմատության համար ասեմ, որ 2020 և 2021 թվականներին եղել է 2,5 հեկտար, իսկ դրանից առաջ բացիթողի վիճակ է եղել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Բազմաթիվ այգիներ ու պուրակներ ենք կառուցել, շուտով կմոտենանք 35 հեկտարի, 40 կմ-ից ավելի ոռոգման ցանցի անցկացում է արվել։ Եթե այս տեմպերով առաջ շարժվենք, մոտակա տարիներին Երևանն իր կանաչ դեմքը կփոխի, կվերադառնանք Խորհրդային վերջին տարիների մակարդակին և առաջ կանցնենք»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած հարաբերություններին և նրա օրոք ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվելու հանգամանքին՝ Բեգոյանը նշեց, որ հեռացել է, քանի որ այդ պայմաններում չի ցանկացել աշխատել։

«Հայկ Մարությանը հիմա էլ ազնիվ չէ, ազնիվ կլիներ, որ իր ցուցակի առաջին համարը գլխավորեր իր ընտանիքի անդամ, եթե ինքը ընտրվի, իր ընտանիքի անդամն է ղեկավարելու քաղաքապետարանը։ Կոչ եմ անում իրեն չփորձի իմ ասածները հերքել, հանգիստ նստի, այլապես ստիպված կլինեմ խոսել այն ամենի մասին, ինչ իր օրոք կատարվում էր քաղաքապետարանում»,- ավելացրեց Բեգոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ