Հայաստանն ու Վրաստանը կհամագործակցեն փոքր ավիացիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

50461790-ff7a-4fab-8ae4-6a9bc7b834ea.jpg

Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամն օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի ավիացիայի ակումբի հետ։ Նպատակը ոլորտի զարգացման ճանապարհին միմյանց աջակցելն ու ձեռք մեկնելն է։ Թե Հայաստանում, թե Վրաստանում փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը համեմատաբար նոր է։ Երկու երկրներոմ էլ կան դժվարություններ, երկու տեղում էլ կա հաջողված փորձ, մասնագետների ձևավորված բազա։ Ոլորտի գործընկերները որոշել են օգնել միմյանց։

«Համագործակցության ուղիները տարբեր են, օրինակ՝ կարող ենք միմյանց ձեռք մեկնել վառելիքի հարցում։ Ինչպես գիտեք, այն բարդ ձեռք բերվող է, հետևաբար խնդրի դեպքում կարող ենք միմյանց օգնությունն ակնկալել։ Դրանից բացի, մասնագետների հարցում կարող ենք իրար աջակցել։ Կարող ենք նաև օգնել ինքնաթիռները սպասարկելու հարցում։ Այս գործում որակավորված մասնագետների պահանջարկ կա։ Օրենսդրական դաշտում ձեռքբերումներին կարող ենք ծանոթանալ և հաջողված փորձը կիրառենք մեր երկրներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամի համահիմնադիր Արմեն Սարգսյանը։

Հայաստանը պատրաստ է ընդունել Վրաստանի փոքր ինքնաթիռները, վրացի գործընկերներն էլ պատրաստ են տրամադրել իրենց աերոդրոմները։ Հուշագրում նախանշված դրույթները կյանքի կոչելու համար Հայաստանի մասնագետները ժամանակ չեն կորցնում։ Վրացի գործընկերներին հրավիրել են մասնակցելու օգոստոսի 26-ին Ստեփանավանում կայանալիք խոշոր ավիաշոուին։ Մասնակցելուց բացի, տեղում գործնականում  մասնագետները կհստակեցնեն հաջորդ քայլերը։

«Մենք ունենք փոքր դպրոց, որտեղ օդաչուներ ենք պատրաստում, ունենք քիչ թե շատ զարգացած ենթակառուցվածքներ, օդանավակայան, 2-4 տեղանոց ինքնաթիռներ, ունենք օդաչուներ, սովորեցնող մասնագետներ։ Այնպես որ, մենք նույնպես ասելիք ունենք և կարող ենք օգտակար լինել մեր վրացի գործընկերներին»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Հայաստանում փոքր ավիացիայի ոլորտը զարգանում է, սակայն դանդաղ տեմպերով։ Արմեն Սարգսյանը վերհիշում է այն պահը, երբ տարիներ առաջ առաջին փոքր ինքնաթիռն էր բերվել ու ինչ ոգևորություն կար։ Այսօր իրենց ակումբը զարգանում է, արդեն 8 ինքնաթիռ ունեն։  Զարգացման ճանապարհը Արմեն Սարգսյանը բնորոշում է մեկ բառով՝ դժվար։  

«Մեր երկրում օրենսդրություն չկա, որը կհեշտացներ զարգացման գործընթացը, ավիատորների ներդրումների պրոցեսը, որ ոլորտը զարգանա, մարդիկ գան, սովորեն, թռիչքներ իրականացնեն։ Այսօր փոփոխություններ կատարվում են, գրվում են նոր կարգեր, համագործակցում ենք  Քաղավիացիայի կոմիտեի հետ, որ աշխատանքը հնարավորինս արագ կատարվի»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նպատակն այն է, որ Հայաստանում ոլորտի զարգացման պայմանները բարելավվեն, ավիատորները շատանան։ Դա կօգնի ոլորտի արագ զարգացմանը, ինչն էլ իր  հետ կբերի ներդրումային մեծ հնարավորություններ։ Դրա համար անհրաժեշտ են դպրոցներ, որտեղ կպատրաստեն օդաչուներ, սպասարկող մասնագետներ։  Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր կատարվել են, ստեղծվել է «Սքայ մաստեր» ավիաուսումնական կենտրոնը, որտեղ այս պահին սովորում են օդաչուներ։ Ի՞նչ է անհրաժեշտ ուսանող-օդաչուների շարքը համալրելու համար։

«Ամենակարևորն ուժեղ ցանկությունն է։ Դրանից բացի, պետք է պատրաստ լինել բավական ժամանակ տրամադրել տեսական ու գործնական պարապմունքներին։ Տեսական դասընթաց, 45 ժամ թռիչք և համապատասխան լիցենզիան պատրաստ է»,-հավելեց մասնագետը։

Փոքր ավիացիայի ոլորտում գործունեություն ծավալողներն ակնկալում են պետական աջակցություն, հատկապես օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Համոզված են՝ ոլորտի զարգացումը, տրանսպորտային նոր ենթակառուցվածքները մեծ հեռանկարներ կբացեն Հայաստանի համար։ Հնարավոր կլինի արագ տեղաշարժվել դեպի հարևան երկրներ, ինչպես նաև Հայաստանի տարածքում, նոր ծրագրեր իրականացնել՝ խնայելով ամենաթանկը՝ ժամանակը։

--00—ԶՀ