Գրիգոր Մինասյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է մշակվող օրենսդրական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

news_8899598617633_IMG_2185.jpeg

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վայգանդին այցելության համար՝ նշելով, որ գործընկերային հանդիպումները կարևոր են երկարաժամկետ անելիքները գույքագրելու համար:

Քրիստինե Վայգանդը նշել է, որ անչափահասների իրավունքների պաշտպանության հարցում Արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի առանցքային գործընկերներից մեկը:

Նախարարն անդրադարձ է կատարել Երևանում և Կապանում բացված «Բարնահուսի» բազմամասնագիտական կենտրոններին, Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքներին՝ նշելով, որ խորհուրդն անչափահասների արդարադատության ոլորտում խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու հարթակ է, ինչի մասին վկայում են առկա ձեռքբերումները: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով նախատեսված խափանման միջոցների կիրառման համատեքստում Արդարադատության նախարարության կարևոր օրակարգային հարցերից է երեխայի լավագույն շահի ապահովումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներկայումս մշակման փուլում գտնվող օրենսդրական փաթեթն՝ ուղղված ընտանեկան օրենսգրքում երեխայակենտրոն մոտեցումների ամրագրմանը, անչափահասների իրավական պաշտպանության մեխանիզմների ներդրմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը:

Քրիստինե Վայգանդն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շարունակելու է աջակցությունը Հայաստանի արդարադատության համակարգին՝ անչափահասների իրավունքների պաշտպանության հարցում։

--00—ԶՀ