Փաշինյանը որպես Մովսես մարգարե եկավ, բայց պարզվեց՝ Նազար է, մեր պայքարը ոչնչացրեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Հինգ տարի է՝ հայ ժողովուրդը գլուխը խոնարհած ունկնդրում է, թե ինչ որոշումներ է կայացնում միահեծան իշխանությունն իր ձեռքը վերցրած բռնապետը, լատինական Ամերիկայում կասեին՝ Պինոչետը: Նա եկավ որպես Մովսես մարգարե, բայց երկրի գլխին աղետ բերեց՝ հազարավոր զոհեր, կորսված Արցախ և Հայաստանի անորոշ ապագա, պարզվեց՝ նա Նազար է, մեր 30 տարվա պայքարը ոչնչացրեց: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Դիտարկմանը, թե ինչ կարող են անել ընդդիմությունը և Եկեղեցին ժողովրդին համախմբելու համար, Հայր Կոմիտասն ասաց. «Ընդդիմությունը ժողովրդին ամիսներով քայլարշավի հանեց՝ գոռացին, երգեցին, պարեցին և բոլորը գնացին իրենց տեղը նստեցին, իսկ այս մարդը շարունակում է իր ոդիսականը: Ընդդիմությունը անզորության զգացման մեջ է, Փաշինյանը ամբողջ անվտանգային ուժն իր ափի մեջ է վերցրել ու թելադրում է գազանաբար վերաբերվել հայի նկատմամբ, հայ մարդուն դարձրել են հային հոշոտող ռոբոտային կերպար: Եկեղեցին ի՞նչ կարող է 300 հոգևորականներով անել, ոչ զենք ունի, ոչ զորք, միայն խոսք ունի, աղոթք ու խրատ կարող է տալ, խրատը լսող չկա, աղոթքը՝ ուզող չկա»:

Հայր Կոմիտասը նկատեց, որ արցախցուն այս իրավիճակում ասել՝ միայնակ պայքարիր քո ինքնորոշման համար, նշանակում է՝ մարդուն նետել բանտ ու ասել՝ պայքարիր ազատության համար:

«120 հազարանոց անզեն ժողովուրդը ի՞նչ կարող է անել մինչև ատամները զինված ադրբեջանցու դեմ, պատասխանատվությունը մեր վրայից նետելով՝ նրանց թողնում ենք այս վիճակում: Անկախություն հայտարարեցինք, բայց իմաստը չհասկացանք, իշխանության են գալիս միայն թալանելու համար, իշխանության եկածներից շատերին Հայաստանի ապագան չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն փառքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ