Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

photo

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից  ի վեր հայ-արգենտինական հարաբերությունների ներկա մակարդակը:

«Մեզ համար Արգենտինան բարեկամ երկիր է. երկկողմ կապերի զարգացման գործում մեծ է Արգենտինայում ապրող մեծաթիվ հայ համայնքի դերակատարությունը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Արգենտինայի Սենատի, Պատգամավորների պալատի եւ Հայաստանի Ազգային ժողովի բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է առեւտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը:

Սարգիս Խանդանյանը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կապերը խորն են: Ըստ Մարիանո Վերգարայի` Արգենտինայում հասարակությունը մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով:

Նշվել է, որ շուտով Հայաստան  կժամանի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամության խումբը:

--00—ՅՄ