Եթե պիտի Արցախը տայինք, ինչո՞ւ այդքան մարդ զոհվեց, չենք կարող 30 տարվա պայքարը ուրանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Այն, որ պատերազմից հետո ոչ մի պաշտոնյա Արցախ չէր գնում, ինքնորոշման իրավունքի մասին չէր խոսվում, պարզ էր, որ կան որոշակի գործընթացներ, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված չեն։ Պարզ էր նաև, որ կան անտեսանելի գործընթացներ, ինչպես օրինակ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հանձնումը, Քարվաճառի հանձնումն առանց կրակոցի: Ալիևի պլանները հստակ իրականացվում են, և իշխանության կողմից դիմադրություն չկա, պետք է ազնիվ լինեն և ժողովրդին ասեն՝ ինչ վիճակ է, և ժողովուրդը որոշի՝ Արցախի համար պայքարելու՞ է, թե ոչ: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից անցակետ դնելու հանգամանքին:

«Մեղադրում է, թե նախկիններն Արցախի հարցի լուծումը հետաձգել են, թող ինքն էլ հետաձգեր, չէր կարողանու՞մ, թող հրաժարական տար, գնար, ուրիշ մարդ գար: Նախկինների ժամանակ կարողացել ենք անվտանգ ապրել, կարողացել ենք Լաչինով գնալ Արցախ ու Քարվաճառով հետ գալ, հետաձգել են հարցը, բայց չեն հանձնել, թող հետաձգեր, չտար, թող հրաժարական տար, ասեր՝ ես հող չեմ հանձնելու:

ՔՊ մեկ-երկու պատգամավորներ արդեն ասում են՝ ի՞նչ անենք, 120 հազա՞րն է կարևոր, թե 3 միլիոնը, մենք ու Արցախի հայությունը արդեն տարբե՞ր ենք: Մեր 30 տարվա ապրածի վրա չպետք է թքենք, Եռաբլուրում միայն 5 հազարը չեն զոհված, երեք պատերազմների զոհեր ունենք, 12 հազարից ավելի հայորդիներ են ննջում, նրանք այդ հողի համար կռվել են, եթե այդպես էր, այդ ժամանակ տայինք Արցախը»,- ավելացրեց Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ