«Իյա, սենց խոսալո՞վ ա». Փաշինյանն անձամբ փորձարկեց Մեծամորի շենքերից մեկի նոր վերելակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնել ենք, այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Մեծամոր: Այցելության մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել.

«Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են: Ընթացիկ տարում կփոխարինվեն տեղի մյուս 8 բարձրահարկ շենքերի վերելակները ևս»:

Ավելի վաղ կառավարությունը տեղեկացրել էր, որ Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ: Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել:

--00—ԼՄ