Ներքին Հանդում ադրբեջանցիներն ամեն օր կրակում են, գերեզմանոցը թշնամու վերահսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

cb05ead3-a9c8-4ebe-8d61-ffcad630951a.jpg

Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրում ջրի խնդիրն առկա է դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 13-ից, նոր չէ։ Այս մասին 24News-ին ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն նախագահ Արման Թաթոյանի՝ բնակավայր կատարած այցելությունից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված երեկվա գրառմանը։

Ադրբեջանի զինուժի նշանառության ներքո հայտնված բնակավայրի ղեկավարն ասաց, որ բնակչությունը կոմունալ շահագործման համար օգտագործում է գետի ջուրը որպես «տեխնիկական», իսկ խմելու համար՝ գետին մոտակա աղբյուրի ջուրը։ Ինչ վերաբերում է ադրբեջանական դիրքերից կրակոցներին, ապա Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով, գրեթե ամեն օր 1-2 կրակոց է լինում, սակայն անկանոն, ոչ թե թիրախավորված, դրանց հետեւանքով վնասներ չեն եղել։

Գյուղապետը հաստատեց Թաթոյանի խոսքն անասնապահության նվազման մասին. «Բնակիչները համարյա անասուն չեն պահում։ Չեն կարող պահել, որովհետեւ տարածք չունենք՝ արոտավայր, խոտհարք, վարելահող։ Հողերը կա՛մ ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կա՛մ միջդիրքային են դարձել։ Հողագործության հետ էլ է նույնը։ Եթե հող չկա, հողագործություն որտեղի՞ց լինի»։ Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով, գյուղում հիմնական խնդիրները կապված են գերեզմանոցի հետ, որն ադրբեջանական վերահսկողության տակ է, խմելու ջրի հետ. «Մեկ էլ մարդկանց պետք է խրախուսել, որ կարողանան էստեղ ապրել, ամեն ինչ կորցրել են»։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից բնակչության տրված աջակցությանը, ապա Ներքին Հանդի ղեկավարն ասաց, որ մարզպետարանը ականի վրա պայթած, ադրբեջանական վերահսկողության տարածք անցած, անհայտ կորած անասունների փոխհատուցում է տվել, թռչուն ու կեր է տվել պահելու համար, մեղվի փեթակներ։ «Ամեն ընտանիք 25 հավ, 5 հատ հնդկահավ, 500 կգ ցորեն է ստացել։ Ով որ ցանկացել է, նրան տրամադրվել է, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի վերջերին։

Մարզպետարանից ասել են, որ «կերի հարց էլի կարող ա լուծենք»։ Մեկ էլ մեղվի փեթակների են տալիս, առանց մեղու։ Որ մարդիկ իրենց մեղուները զարգացնեն։ Ով որ մեղվաբուծությամբ է զբաղվում, նրանց է տրվել։ Ընդհանուր 74 փեթակ է տրվել, բայց շարունակական է, էլի պետք է բերեն։ Եթե չեմ սխալվում, ընդհանուր 205 փեթակ կա գյուղում»,- եզրափակեց Ներքին Հանդի գյուղապետը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում էր կատարել ու լուսանկարներ հրապարակել՝ տեղեկացնելով Ներքին Հանդում ադրբեջանական ներխուժման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ, որոնք արձանագրվել էին նրա և իր գործընկերների երեկվա այցելությունից հետո։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ