Շատ գործ կա. ընտանեկան բռնության դեպքերը գաղտնի են պահվում․ Թագուհի Թովմասյան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

taguhi

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․

«ՀՀ կառավարությունը ներառել է իմ բոլոր առաջարկները «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում։

Նախագծի լրամշակված տարբերակը՝ իմ առաջարկած խմբագրումներով, այսօր ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության հարցերն ինձ համար առաջնահերթ նշանակություն ունեցողներից են, որոնց կապակցությամբ կարևորում եմ առկա խնդիրների կարգավորմանը նպաստող նախագծերի ու գործիքակազմերի մշակումը։

Այդուհանդերձ, ինչպես նշել եմ այսօր, շատ գործ կա անելու այս ուղղությամբ. ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում գաղտնի են պահվում: ՀՀ ոստիկանությունը պետք է կարողություն և պրոֆեսիոնալիզմ ունենա՝ կանխելու և նախականխելու բռնության հնարավոր դեպքերը»։ 

--00—ՍՊ