Մերձավոր Արևելքում «իրավիճակ է փոխվում»․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

արմեն

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մարտի 10-ին Պեկինում Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և դեսպանատների աշխատանքը վերագործարկելու վերաբերյալ, բավականաչափ կարևոր իրողություն է առնվազն մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգային և աշխարհաքաղաքական հավասարակշռության դիմապատկերի ֆոնին։
Այս իրողությունը կարող է ազդել տարածաշրջանային զարգացումների վրա միաժամանակ մի քանի հարթություններում։

1. Նախ և առաջ, քննարկվող գործընթացը կարող է էականորեն ազդել Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրի վրա՝ եմենական հիմնախնդրից, Բահրեյնից, մինչև Սիրիա, Լիբանան և այլն, որտեղ Թեհրանն ու Ռիադը իրարամերժ դիրքորոշումներ են ունեցել՝ վարելով միջնորդավորված հիբրիդային պատերազմներ։ Իհարկե, հարաբերությունների կարգավորումը դեռևս չի վկայում տարածաշրջանային լրջագույն մրցակիցների միջև ջերմացման, բարեկամության մասին։ Պարզապես կարող է փոխվել մրցակցության ձևաչափը՝ առնվազն 1 տասնամյակ շարունակվող հակամարտայինից դեպի համագործակցային։

2. Ուշագրավ է պեկինյան հայտարարության ընդունման ժամանակահատվածը։ Այն ժամանակ, երբ աննախադեպ կերպով սրվում են Իրան-Իսրայել-Արևմուտք հարաբերությունները, կրկին ակտիվանում են Իրանի դեմ ռազմական սցենարի իրականացման վերաբերյալ քննարկումները, հակաիրանական ճամբարի կարևորագույն դերակատարներից մեկը գնում է Թեհրանի հետ հարաբերությունների կարգավորման։ Այս հանգամանքը խոսում է նաև Սաուդյան Արաբիայի՝ որպես տարածաշրջանում առավել ինքնուրույն, Վաշինգթոնի ազդեցությունն աստիճանաբար թոթափոխ դերակատարի դիրքավորման մասին, որը համաշխարհային էներգետիկ ոլորտից բացի իր «բնավորությունն է ցույց» տալիս նաև տարածաշրջանի անվտանգության բնագավառում։

3. Եվ վերջապես, պետք է ընդգծել նաև Չինաստանի միջնորդական ջանքերի կարևորությունը։ Բանն այն է, որ մինչ այս Թեհրան-Ռիադ հարաբերությունների կարգավորման գործընթացում բարի ծառայություններ էր իրականացնում Բաղդադը, բայց հանգուցալուծումը տեղի ունեցավ Պեկինում։ Այս հանգամանքը վկայում է նման կարևորագույն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության հավասարակշռության փոփոխության մասին՝ հօգուտ Չինաստանի։ Վերջին պնդումը, անշուշտ, նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում է, երբ նաև Մեձավոր Արևելքում առավել զգալի ազդեցություն ունեցած Վաշինգթոնի և Մոսկվայի՝ Արևելյան Եվրոպայում ընթացող դիմակայության պայմաններում իրավիճակից օգտվում է նրանց մրցակիցը, որը վերջին տասնամյակներին առնվազն տնտեսաքաղաքական անհրաժեշտ բազա էր ստեղծել նման դիրքավորման համար։

--00—ՍՊ