Երևանում կլսե՞ն Մոսկվայից հնչող ոչ երկիմաստ զանգերը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

մոսկվա

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ոչ միայն կտրուկ մոտենում է պետականության կորստի եզրագծին, այլև չի կամենում արգելակել: Հակառակը՝ «գազ է տալիս»: Եվ մինչ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա, ըստ պաշտոնական տարբերակի՝ Թուրքիայի ղեկավարությանն ու թուրքերին ավերիչ երկրաշարժի հետ կապված աջակցություն հայտնելու նպատակով, Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելուն ուղղված քայլեր է անում: Ի լրումն՝ Մոսկվայից հնչում են ամենևին էլ ոչ երկիմաստ զանգեր ու ահազանգեր, որոնց առաջին հասցեատերն ակնհայտորեն Հայաստանն է, ավելի ճիշտ՝ «պաշտոնական Երևանը», է՛լ ավելի հստակ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանով և քպական իշխանությամբ հանդերձ:

Թե հենց հիմա կոնկրետ ի՞նչ ունի Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու Նիկոլ Փաշինյանն՝ ի դեմս Արարատ Միրզոյանի, կարելի է որոշակի կռահումներ ու կանխատեսումներ անել, որքան էլ որ դա անշնորհակալ գործ է: Կարելի է, օրինակ՝ ենթադրել, որ Արարատ Միրզոյանը հապշտապ «կանչվել է» Անկարա, որպեսզի վերջին «ուստանովկաներն» ստանա՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելուց (ըստ էության՝ Հայաստանի ամբողջական կապիտուլ յացիան ձևակերպելուց) առաջ: Չնայած, Միրզոյանի թուրքական ընթացիկ այցը պետք է որ ոգևորի Հայաստանում «առաջադեմ արևմտամետ» աշխատողներին, քանի որ Հայաստանը վերջնականապես կշրջվի դեպի Արևմուտք և միանգամից կհայտնվի Թուրքիայի գրկում:

Հնարավոր է՝ թուրքական իշխանությունները «խաղաղության պայմանագրի» հարցում ավելի են շտապում, քանզի իրենք բոլորից լավ են հասկանում, որ ավերիչ երկրաշարժի հետևանքները ծանր են ու որոշակի ժամանակ ու ջանքեր են պահանջելու, ինչը, հավանական է, ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանն իրենով անելու թուրքական նկրտումների թափի ու հնարավորությունների վրա: Մոսկվայից հնչող ոչ երկիմաստ զանգերի մասին: Օրերս Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի հետ հանդիպում է ունեցել, որից հետո երկու երկրների խորհրդարանների համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Ըստ որում, ընդգծվել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները ձևավորվել են «դարավոր բարեկամության» հիմքի վրա:

Հետաքրքիր կլիներ, իհարկե, եթե Վոլոդինը ռուսական պետական արխիվներից, ասենք, մի մեկուկես դար առաջվա հիշատակում գտներ ռուս և ադրբեջանական ժողովուրդների հարաբերությունների մասին, բայց այդ դառը հեգնանքը մի կողմ դնենք: Էակա՛նը. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վոլոդինը, ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Արցախի խնդրին կատարած անդրադարձի համատեքստում մասնավորապես խոսել է տարածաշրջան, կոնկրետ Արցախի խնդրի հետ կապված իրավիճակի մեջ եվրոպական կառույցների, օրինակ՝ Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի ներգրավման մասին: Վոլոդինն առավել քան պարզորոշ հասկացրել է, որ Ռուսաստանի համար նման զարգացումն անընդունելի է: Այդ դիրքորոշումն ավելի վաղ էլ էր հնչել Մոսկվայից, բայց Վյաչեսլավ Վոլոդինը մի քիչ ավելի է բացել փակագծերն ու, առանց որևէ դիվանագիտական ձևակերպումների, հստակ ընդգծել է. «Իսկ նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ հայտարարություններ (կոչեր) են անում, կարող են պարզապես երկիրը կորցնել»:

ՌԴ Պետդումայի նախագահը նաև նշել է. «Այդ իսկ պատճառով, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանն ու ԵԽԽՎ-ն, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է դա ավարտվել, նույն Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակով: Նա, ով խաղաղություն է ցանկանում, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ թե պարզապես հեռու մնա այդ կվազիխորհրդարաններից, այլև հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր պրոբլեմներ: Եվ, եթե դա անում են, ապա պետք է հետևանքների համար պատասխանատվություն կրեն»: Հարց. իսկ ո՞վ, ո՞ր երկիրն է, որ ցանկանում է ներգրավել եվրոկառույցները: Սա հռետորական հարց է, քանզի բոլորին է հայտնի, որ դա անում է Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քպականների զվարթ ծափահարությունօվացիաների ներքո: Ավելին, դա հռչակվել է որպես Հայաստանի անվտանգության ապահովման գրեթե առանցքային գործոն (այ, կգան եվրադիտորդները, ժանդարմները կամ չգիտես, թե է՛լ ովքեր ու վերջ՝ Հայաստանի անվտանգությունը կապահովվի):

Զուգահեռաբար, Հայաստանի գործող իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանի ներկայությունը սպառնալիք է այդ անվտանգությանը: Դե, Ռուսաստանն էլ արձագանքում է: Օրինակ՝ ադրբեջանական կողմի հետ կապեր է ամրապնդում, իսկ Հայաստանի ուղղությամբ զանգ է հնչեցնում՝ «կարող եք երկիրը կորցնել»: Դատելով այն բանից, որ քպականները ավելի ու ավելի հաճախ են խոսում ինքնիշխանությունից, սպառնալիքն առավել քան կոնկրետ է: Դե, հայտարարեցին, չէ՞, «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա Արցախը գործնականում տվեցին թշնամուն, բեկորներն էլ ուրացել են, անգամ Արցախ չեն ասում, այլ՝ Ղարաբաղ: Հիշո՞ւմ եք, չէ՞, 44 օր շարունակ գոռում-գոչում էին՝ «հաղթում ենք»: Պարզվեց, որ իրենց հմուտ ղեկավարությամբ ու գերագույնգլխավոր մոդերատորությամբ պարտվում ենք: Հիմա էլ ինքնիշխանությունից են խոսում... Հա, իսկ ընտրություն կատարելու պահը նույնպես մոտենում է մեծ արագությամբ: Ու ընտրությունն էլ մեծ չէ: Մի քպական պատգամավորի ոճով կարելի է հարցնել. հիմա ի՞նչ, Նիկոլ Փաշինյանը կորցնի երկի՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՍՊ