Արմավիրցի 18, 19 և 20 տարեկան երիտասարդները փորձել են գողանալ վճարային տերմինալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի 11-ի առավոտյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում 19-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նույն օրը Արմավիրի Երևանյան փողոցում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին նաև 18 և 20 տարեկան երիտասարդները։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ