Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում հոսանքի վերականգնման հարցից որևիցե տեղեկություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հայաստանից Արցախին տրամադրվող էլեկտրաէներգիայի խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ու որևիցե նորություն չկա, թե այն երբ կվերականգնվի։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ Լեռնային Ղարաբաղի համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»։

Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ են ստեղծել: «Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում: Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը Լեռնային Ղարաբաղում»,-հավելել է նա։

--00—ՅՄ