Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետևանքները․ ոստիկանության թեմատիկ անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքը Գյումրիում էր. կառապանը շահագործում էր բաց վերքով և ոտքերի վրա դժվարությամբ կանգնող ձիուն։ Քաղաքացիներն ահազանգեցին ոստիկանություն, և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դադարեցվեց ձիու շահագործումը և նշանակվեց համապատասխան բուժում։

Կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենքներն ընդունվել են 1635 թվականին՝ Իռլանդիայում, իսկ 1641 թվականին Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենսգիրքը։ Այն արգելում էր բռնություն ու դաժանություն կիրառել Աստծո ստեղծած ցանկացած արարածի նկատմամբ։

1977 թվականին Լոնդոնում ընդունվեց կենդանիների իրավունքերի մասին համընդհանուր հռչակագիրը, որը սահմանում է կենդանիների նկատմամբ հարգանքը, արգելում դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը։

Հայաստանում 2019 թվականից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է։ Նոր քրեական օրենսգրքով նույնպես արարքը քրեորեն պատժելի է։

Հոդված 307. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Գործի է դրվել կենդանիներին պաշտպանելու և նրանց նկատմամբ դաժանություն ցուցաբերող անձանց պատժելու մեխանիզմ։ Նպատակը կենդանիների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելն է: Վերջին 3 տարիներին ոստիկանություն քաղաքացիներից ստացված հաղորդումները վկայում են, որ հասարակությունը դատապարտում է կենդանիների նկատմամբ դաժանությունը։ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 14 դեպք, որոնք ստացել են համապատասխան ընթացք։

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ականատես եք եղել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խնդրում ենք դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ։

--00—ՅՄ