Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում նպաստի գումարից զրկվելու վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․

«ՀՀ Կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի համապատասխան որոշմամբ ՀՀ-ում թոշակները ավելացել են երեք հազար ՀՀ դրամով, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են 18 հազար ՀՀ դրամ սոցիալական նպաստից:

Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր եմ ստանում նպաստի գումարից զրկվելու վերաբերյալ:

Ի՞նչ հարց է լուծել Կառավարությունն այս որոշմամբ. գործադիրից նշում են, թե սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարևորագույն գործիք է սա, որը տեղ է գտել ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում. Մի՞թե սա կարելի է համարել սոցիալական խնդիրների լուծման գործիք, երբ հազարավոր քաղաքացիներ զրկվում են համեմատաբար ավելի բարձր եկամտից:

Սա անթույլատրելի է և կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, Սահմանադրության մեջ արտացոլված սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու նպատակադրումներն էլ՝ աղավաղում:

Հարցը խիստ մտահոգիչ է և հրատապ կարգավորման ենթակա, որի կապակցությամբ էլ համապատասխան գրությամբ ՀՀ Կառավարությունից պարզաբանումներ եմ պահանջել: Ինչո՞ւ են քաղաքացիները զրկվել սոցիալական նպաստից և ե՞րբ է լուծվելու խնդիրը»:

--00—ԼՄ