«Մեր ընթացքը հանուն ՀՀ-ի անկասելի է». վարչապետը պարգևատրել է խճուղավազքի մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է, և մեր քայլքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական:

Աշխատելու ենք, որ տարեցտարի «Վարչապետի գավաթ» մրցաշարերն առավել մասսայական դարձնեն ֆիզկուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետությունում:

Արմավիրի մարզում՝ Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում, տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը»,-գրել է նա:

Կառավարությունը ևս հայտարարություն է տարածել միջոցառման առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի կանայք և 41-ից բարձր տարիքի տղամարդիկ, առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ առանց տարիքային սահմանափակման:

Դպրոցականները մրցել են 2 կմ, մնացած տարիքային խմբերը՝ 10 կմ խճուղավազք մրցաձևում: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 1400:

Նշված խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցականները պարգևատրվել են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով: Պարգևների է արժանացել նաև օտարերկրյա 2 մասնակից՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին»,-նշված է հայտարարությունում:

--00—ԼՄ