Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» -ը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

վազք

Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը:

Տարիքային խմբեր
Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբով`

  • 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004-2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ,
  • 2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ - 10 կմ,
  • 3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:

Առաջին խմբի մրցումը ժամը 13:00-ին կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:

Մասնակցության հայտ

Մասնակցության համար հայտը՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected])։ Հարցերի դեպքում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով:

Պարգևատրում

Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո: Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ:

Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:

--00--ԱԹ