Զինծառայող Գիշյանը սպանվել է գերության մեջ, Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News      

     

ռ

Հայ-ադրբեջանական վերջին բախման հետեւանքով գերեվարված զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է, ում մարմինը եղել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից փոխանցված 32 դիերի թվում։

Սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի ընթացքում տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները վիրակապում հայ զինծառայողի։ Տեսանյութում հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութում երևում էր, որ Գիշյանը վիրավորում էր ստացել ուսի շրջանում, և թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները վիրակապում։

Երեկ հայտնի էր դարձել, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը 24News-ին ասաց, որ փաստերը հաստատում են Դավիթ Գիշյանի սպանությունը գերության մեջ։

«Մարմինը հանձնվել է Հայաստանին, հայրը ճանաչել է արդեն, 32 վերադարձված դիակների մեջ նրա մարմինն էլ է եղել», - ասաց Սամվելյանը։

Գերեվարված և հետո սպանված զինծառայողի հայրը՝ սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տարածված տեսանյութը, որում երևում էր, որ իր որդին վիրավոր է և գերի է ընկել: «Ես ուզեմ կամ չուզեմ, իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն, ինձնից անկախ, պրոցեսը կանխելու համար ավելի լավ է՝ իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- տեսանյութին կից գրել էր Գիշյանը։

Այսօր արդեն տեղեկություն ենք ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ փաստացի մարդը եղել է գերության մեջ, իրեն սպանել են։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ-ով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Դիմումով պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել Ադրբեջանի պատասխանի համար։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը մինչեւ սեպտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Ադրբեջանին, մենք պահանջում ենք ավելի արագ պատասխան, որ ժամկետի չսպասենք»,- ասաց Հասմիկ Սամվելյանը։

Ըստ նրա՝ այս տեղեկությունն ուղարկվելու է Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարան՝ Հաագայի դատարան։ 

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակը նաեւ ասաց, որ հայ գերիների հարցով դեռեւս հաստատում չկա Ադրբեջանի կողմից։

Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, որ որդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ