Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ավետ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 30-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշում կայացնելու։

Նշենք, որ Չալաբյանի պաշտպաններն այսօր նիստի ընթացքում հայտարարեցին, որ չկա գեթ մեկ փաստ, որ եթե իրենց պաշտպանյալը գտնվի ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Կալանքի ընթացքում նրա անցկացրած ժամանակը որևէ մեկը փոխհատուցել չի կարող։ Պաշտպանները նաև հավելեցին, որ Չալաբյանի առողջական վիճակը, կալանավայրում գտնվելու ընթացքում ավելի է վատթարացել։ Հավելենք նաև, որ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն ասել էր՝ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը: Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։ Նա մայիսի 14-ին կալանավորվել է, ապա կալանքը երկարացվել է ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան քաղաքական գործիչն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից, սակայն օգոստոսի 3-ի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Չալաբյանը կրկին կալանավորվել է երեք ամիս ժամկետով։

Հիշեցնենք նաև, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին անհնազանդություններ, բողոքի ակցիաներ, ցույցեր իրականացնելու նպատակով նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար: