Եթե ՀՀ-ում գայթկղվեն արևմտյան առաջարկից, մեծ կորուստ կունենանք, ինչպես 1920-ին կորցրեցինք ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

քաղաքական

Իրատեսական չէ պատկերացնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող ենք կարգավորել՝ առանց հաշվի առնելու հայ -ադրբեջանական հարաբերությունները: Հայ -թուրքական հարաբերությունների կարգավորումը միշտ էլ անցել է ադրբեջանական պրիզմայի միջով, նորույթ չէ, որ մեկ ազգ՝ երկու պետություն կոնցեպտը ժամանակին առաջադրել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը և ջերմությոամբ ընդունվել է թուրքական իշխանությունների կողմից։ Փաստացի դա այսօր իրականություն է դարձել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

«Պետք է հիշենք՝ 2009 թվականին Ադրբեջանում ինչ թշնամությամբ ընդունվեց հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը և կարծիք կա, որ Ադրբեջանի պատճառով այդ արձանագրությունները տապալվեցին և գործընթացը մտավ փակուղի: Հիմա իրավիճակը փոքր ինչ փոխվել է, եթե ժամանակին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանը կապում էր յոթ շրջանների վերադարձի հետ, ապա այսօր այդ շրջանները, Հադրութն ու Շուշին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և այդ պայմանը չի կարող առաջ քաշվել:

Հիմա Թուրքիան այլ խնդիրներ է դրել՝ կոմունիկացիաների խնդիրն է, որն անվանում են «Զանգեզուրի նախագիծ», պահանջելով՝  Ադրբեջանի սուվերեն իրավունքի տակ գտնվող միջանցք, որը կկապի Ադրբեջանը  Նախիջևանի, Նախիջևանից էլ կապուղին կգնա Թուրքիա»,- մեկնաբանեց քաղաքագետը::  

Քեռյանի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան և տարծաշրջան վերջին այցի ժամանակ կիսագաղտնազերծված հայտարարություն արեց, որ քննարկել են Զանգեզուրի ճանապարհը, բայց այն ամբողջությամբ չմանրամասնեց: Ըստ քաղաքագետի՝ եթե միջանցքը տվյալ պետության սուվերենության տակ չգտնվող կապուղի է, ենթադրվում է, որ դա պետք է լինի միջանցքի և սովորական ճանապարհի միջանկյալ մի բան, այսինքն, դա չի լինի միջանցք այնպիսի տրամաբանությամբ, որը ցանկանում է Ադրբեջանը, բայց չի լինի հարկային վերահսկողությամբ բարդ ճանապարհ. «Հավանաբար՝ հեշտացված ընթացակարգերով այն կվերահսկեն ռուսները: Պարզ է, որ ուզում են այնպիսի միջանցք, ինչպես ՀՀ-ից դեպի Լաչինի միջանցքն է, որտեղ Ադրբեջանը սուվերենություն չունի, բնականաբար կուզենան, որ այդ կապուղու վրա ՀՀ-ն սուվերենություն չունենա»:

Անդրադառնալով Թեհրանում գերագույն հոգևոր առաջնորդի այն հայտարարությանը, որ Իրանը չի հանդուրժի ՀՀ-Իրան սահմանի փակում, քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ հարցը քննարկվում է  ՀՀ-Իրան- Թուրքիա տիրույթում  և կա շահերի խաչաձևում, որից օգտվում է Արևուտքը.

«Վերջին երկու-երեք ամսին Արևմտյան դիվանագիտական, քաղաքական գործիչների այցերի խտությունից պարզ է դառնում, որ արևմուտքին ՀՀ-ն հետաքրքիր է և ցանկանում են հերթական քայլը անեն՝ ՀՀ-ն դուրս բերեն ռուսական ազդեցության գոտուց: Մտածում են, եթե Վրաստանի պարագայում հաջողվել է, վատ չի լինի նաև ՀՀ-ում անեն, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-Ի դաշնակիցն է և նրա միջոցով նրանք կարող են որոշակի թելադրանք պարտադրեն նաև Ադրբեջանին: Կապուղիների հարցում ռուս- թուրքական շահը համընկնում է և ՀՀ-ի վրա ճնշում կա, որ ճանապարհները բացվեն,և Արևմուտքի համար հարմար պահ է՝ ՀՀ-ին մեծ խոստումներ տալ և ասել, որ չընդունի զիջումները: Եթե ՀՀ-ում գայթկղվեն և գնան այդ քայլին՝ դա դժկամությամբ կընդունվի արևմուտքի ճնշման տակ գտնվող՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի կողմից և կարող ենք մեծ կորուստներ ունենալ, ինչպես 1920 թվականին հավատացինք Սևրի պայմանագրին, գնացինք մեծի հետևից և կորցրեցինք գրեթե ամեն ինչ: Այդ ժամանակ էլ մեր քաղաքական գործիչները չհասկացան այն վտանգը, որ գալիս է ռուս- թուրքական համագործակցությունից և հավատացին արևմտյան սին խոստումներին:  

Պետք է հիշել, որ հայ-ադրբեջանական սահմանի, Արցախի բնակչության  անվտանգության երաշխավորը և խաղաղության պահպանման գրավականը ռուսական զորքն է, չլինի ռուսական ներկայություն ադրբեջանցիները մի քանի ժամում կգրավեն Ստեփանակերտը, և կիրականացնի վաղեմի երազանքը՝ Զանգեզուրը ՀՀ-ից կպոկեն: Պետք է զգույշ լինել, բարդ իրավիճակում կտրուկ քայլեր չանել, նկատի ունենալ, որ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»:

Հերմինե Միքայելյան

--00--ՏՏ