Վանաձորում դեռ շատ շուտ է խոսել ավագանու նոր ընտրություններից․ ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 4, 24News

81f79090-aebf-4d59-8916-4ff8f9d26537.jpg

Վանաձորում դեռ շատ շուտ է խոսել ավագանու նոր ընտրություններից։ Այս մասին 24News-ին ասաց Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը՝ անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցող գործընթացներին։

«Օրենքը, որով Փելեշյանը նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, բողոքարկման փուլում է։ Եթե օրենքը ճանաչվի հակասահմանադրական, նոր ընտրության մասին խոսել չի կարելի, եթե 2 անգամ ավագանու նիստ չգումարվի, ավագանին ցրվում է։ Այս «եթե»-ներն այնքան շատ են, որ ընտրությունների մասին շատ շուտ է առհասարակ խոսելն ու մտածելը», - նշեց նա։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը գլխավորած Արկադի Փելեշյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 13-ին նշանակվել էր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Վարչապետին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր տվել՝ լրացում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։

Վահե Դոխոյանը, անդրադառնալով Փելեշյանի նշանակմանը, ասաց․ «Տեղական ինքնակառավարումը դրված է մի պարզ տրամաբանության մեջ, ՏԻՄ-ը ձևավորվում է ավագանուց, ավագանին ընտրում է համայնքապետ, հաստատում է բյուջե։ Եթե ժողովրդավարական այս նորմը պետք է անտեսվի, ի՞նչ Սահմանադրության կամ ժողովրդավարության մասին է խոսքը: Եթե վարչապետը պետք է նշանակի պաշտոնակատար, ի՞նչ հիմքով է նշանակում, ի՞նչ սկզբունք է հաշվի առնում։ Եթե վանաձորցին 40 տոկոսից ավելի ձայն է տվել այլ ուժի, արդյո՞ք հաշվի առել է վանաձորցու կարծիքը, որ գոնե այդ ուժից նշանակեր պաշտոնակատար։

«Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը 24News-ին ասաց․ «Երբ որ համայնքի ղեկավար ընտրելու արգելքը դուրս գա, համայնքի ղեկավարի ընտրություն պետք է տեղի ունենա։ Այս պահին էլ ավագանու նոր ընտրությունների հիմք չկա»։

Հարցին՝ քննարկումներ, շփումներ ունենո՞ւմ են Փելեշյանի գլխավորած խմբակցության անդամների հետ, Օհանյանը պատասխանեց․ «Չեմ մեկնաբանում նման բաները, որովհետև դատավարական գործընթացներ կան, կխոսենք դրանցից հետո»

Վանաձորի ավագանիում «Մամիկոն Ասլանյան դաշինքն» (նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ) ունի 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» խմբակցությունները։ Մեծամասնություն կազմող խմբակցության համայքապետի թեկնածու, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն անցյալ տարվա դեկտեմբերից կալանքի տակ է, մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումներ կատարելու մեջ։ Ընդդիմությունը նրա նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական է որակում։ Արկադի Փելեշյանը նախկինում եղել է Վանաձորի փոխհամայնքապետն Ասլանյանի ղեկավարման շրջանում։

--00--ՀԶ