Վարդենյաց լեռնանցքը փակ է, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է    

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

111

Ժամը 12.00-ի դրությամբ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Գեղարքունիք մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի և Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

--00--ՀԶ