Ո՞վ է ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից. Իշխան Սաղաթելյանը զիջել է միայն Մխիթար Զաքարյանին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

աժ

8-րդ գումարման ԱԺ պատգամավորներից նախագծերին ամենից շատ կողմ քվեարկած պատգամավորները իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության անդամներն են:

Parliamentmonitoring.am-ի տվյալների համաձայն, ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Մարինա Ղազարյանը ռեկորդակիր են՝ 109 անգամ կողմ քվեարկելով:

Ամենից շատ դեմ են քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանը, Արամ Վարդևանյանը եւ Զեմֆիրա Միրզոևան, որոնք երեքն էլ 29-ական անգամ դեմ են քվեարկել:

Ամենից շատ (40 անգամ) ձեռնպահ է մնացել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: Նրան հետեւում են նույն խմբակցությունից Տարոն Մարգարյանը (35 անգամ) եւ Հայկ Մամիջանյանը (29 անգամ):

Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա այստեղ առաջին տեղում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանն է (111 անգամ): Նա բացակայելու հարգելի պատճռ ուներ, գտնվում էր անազատության մեջ, իսկ ահա ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը բացակայել է 104 անգամ: Նա անգամ այդ ցուցանիշով առաջ է անցել նույն խմբակցության պատգամավորներ Արմեն Չարչյանից ու Արթուր Սարգսանից, որոնք նույնպես տեւական ժամանակ կալանավորված էին:

Ամենից շատ այս ԱԺ-ում ամբիոնից ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը (24 անգամ): Նրան հաջորդում է նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը (20 անգամ):

ՔՊ-ից առավել շատ ելույթներ են ունեցել Սերգեյ Բագրատյանն ու Վահագն Ալեքսանյանը՝ ունենալով 17-ական ելույթ:

--00—ՄՀ