Գորիսի փոխքաղաքապետն ինքնակամ ներկայացել է ՔԿՀ, բայց չեն ընդունում, որ ձերբակալեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակական

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը նոյեմբերի 12-ի առավոտյան ներկայացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն ազատազրկումը կրելու համար, սակայն նրան ներս չեն ընդունել ու առաջարկել են ներկայանալ ոստիկանություն, որ ձերբակալեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Հովսեփյանը։ 

«Այսօր առավոտյան գնացել եմ քրեակատարողական հիմնարկ, ինձ այնտեղ չեն ընդունել և ոչ մի բացատրություն չեն ներկայացրել, առաջարկել են, որպեսզի ներկայանամ ոստիկանություն՝ ձերբակալեն, ես պատասխանել եմ, քանի որ ինքնակամ եմ ներկայացել, ձերբակալելու խնդիր չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ գտնվում է Գորիսի դառարանի մոտ ու սպասում, թե իր գործով դատավորն այս առթիվ ինչ որոշում կկայացնի։ 

Հարցին, թե 30 մլն գրավի դիմաց ազատ էիք արձակվել,  ինչո՞ւ հիմա դատարանը կալանավորման որոշում կայացրեց, փոխքաղաքապետը պատասխանեց.  «Որովհետև Վերաքննիչ դատարանի դատավորը կամակատար է, երեկ շատ վատ վերաբերմունք է դրսևորել, ոտնահարել է բոլոր օրենքները, հանձնարարական էր ստացել, հանձնարարականը կատարեց»։

--00--ԿԿ