Շենգավիթի ոստիկանները բացահայտել են տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

Հոկտեմբերի 10-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի մի ավտոնորոգման կետից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դարպասը, կոտրել ներսում տեղադրված վճարային տերմինալի դուռն ու փող գողացել։ Հափշտակել էին նաև երկու էլեկտրական սղոց ու չորս աշխատանքային սարքավորում:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի 24-ամյա մի բնակիչ։

Հոկտեմբերի 21-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա կալանավորվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00--ԱԹ