Անդրեն նպատակ չի ունեցել անհարգալից վերաբերվել զոհերի հարազատներին. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Հասարակական

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երգիչ Անդրեի համերգի կազմակերպման շուրջ ծավալված վեճերին՝ տեղեկացնելով, որ մինչ այդ ընդհանուր կանոն է սահմանվել՝ մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպել ու չթույլատրել՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից, քանի որ դեռ չի լրացել պատերազմի տարելիցը։ Որոշման նպատակը պատերազմի զոհերի հիշատակը հարգելը և հասարակության մեջ երկպառակտում խթանող միջադեպերն ու վեճերը կանխելն է։

Ինչ վերաբերում է Անդրեի համերգին, ապա, ըստ Արտակ Բեգլարյանի, այստեղ գլխավոր խնդիրը լիազոր մարմինների հետ ոչ արդյունավետ հաղորդակցությունն է եղել։ 

«Մասնավորապես, տվյալ հարցով զբաղվել է մշակույթի ոլորտում որևէ լիազորություն չունեցող պաշտոնատար անձ ու մարմին, և ԿԳՄՍ նախարարն ու ես պլանավորվող համերգի մասին տեղեկացել ենք հայտարարության տարածումից օրեր անց՝ օգոստոսի 5-ին: Պետական մարմինների լիազորությունների ու պատշաճ հաղորդակցության հարցը մենք լուծել ու լուծելու ենք ներքին հաղորդակցության միջոցով, և այդ առումով ավելացնելու բան չունեմ իմ հրապարակային խոսքում: Ես նույն օրը զանգահարել եմ Անդրեին, հարցը քննարկել նրա հետ ու առաջարկել համերգը տեղափոխել Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատ: Եվ այդ նույն առաջարկը կանեի, եթե Անդրեի փոխարեն մեկ այլ (ներառյալ՝ աշխարհահռչակ) մշակութային գործիչ լիներ», - գրել է Արտակ Բեգլարանը:

Բեգլարյանը  նաև կոչ է ուղղել  Անդրեի համերգի շուրջ ծավալված հանրային քննարկումներում զերծ մնալ ցանկացած մեկի  արժանապատվությունը վիրավորելու դրսևորումներից։

«Այս երկու օրը ծավալված հանրային քննարկումների ընթացքում հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ տարբեր անձանց հանդեպ, ինչի առթիվ կուզեի հորդորել բոլորին զերծ մնալ որևէ մեկի արժանապատվությունը վիրավորելուց և հանրային հաղորդակցությունը պահել բարձր էթիկական մակարդակում: Անկախ կարծիքների տարբերությունից՝ պետք է հարգել դիմացինի կարծիքը: Նույնը վերաբերում է մշակույթի ոլորտի գործիչների հանդեպ վերաբերմունքին. անկախ ճաշակի տարբերություններից՝ հարկ է հարգել յուրաքանչյուր գործչի արվեստն ու արժանապատվությունը: Համոզված եմ, որ շատերի կողմից սիրված Անդրեն որևէ նպատակ չի ունեցել անհարգալից կերպով վերաբերվելու զոհերի հարազատներին, ընդհակառակը՝ որոշել է իր ներկայությամբ ու արվեստով սատար կանգնել իր հայրենակիցներին», - նշել է Արցախի պետնախարարը:

Հիշեցնենք, այսօր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց, որ համերգը չեղարկվել է։ Որոշումը կայացվել է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ։

Իսկ Անդրեն սոցիալական ցանցերի իր էջերում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ համերգն, ի վերջո, կկայանա;

«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգևոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր իերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...»։

--00--ԿԿ