Մտահոգությունները տեղին են․ իշխանությունն ինչ որ բան է թաքցնում․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Աբրահամյան

Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման մասին իշխանությունը խոսեց միայն այն ժամանակ, երբ մամուլում դրա մասին տեղեկատվություն հայտնվեց։  Ակնհայտ է, որ այս իշխանությունը ինչ-որ բան թաքցնում է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Հակառակ դեպքում նախ հանդես կգար քաղաքական հայտարարությամբ, կներկայացներ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող քայլերը, այն իրավական հիմքերը, որոնք նրան թույլ են տվել դիմել ՌԴ-ին՝ ապահովելու նաև սահմանի այդ հատվածի պաշտպանությունը։ Բայց քանի որ իմ նկարագրած իրադարձությունները տեղի չեն ունեցել, ապա այս տեսանկյունից հանրության, տարբեր քաղաքական կամ հասարակական խմբերի մտահոգությունները տեղին են»։

Պատգամավորի խոսքով՝ անկլավների փոխանակման և անվտանգային խնդիրների և ռիսկերի մասին պաշտոնական տեղեկատվությունը ևս բացակայում է։

«Իշխանությունը շարունակում է լռել, ինչն ահագնացնում է մտահոգությունները՝ հատկապես այն պարագայում, որ հետպատերազմյան շրջանում, պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, տարածքներ կորցնելու նախադեպ ենք ունեցել»,- ասաց նա։ 

 --00—ՄՀ