Նոր կապիտուլյացիան՝ որպես փրկություն ներկայացնելու ճանապարհը. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

սահման

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից արդեն 8 ամսից ավելի ժամանակ է անցել, սակայն Հայաստանին չի հաջողվում դուրս գալ կապիտուլ յացիոն շոկից ու ճգնաժամից։ Իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանին չեն թողնում, որ գոնե ինչ-որ չափով ոտքի կանգնի։ Բացարձակ ընդհակառակը:

Թուրք-ադրբեջանական տանդեմը զորավարժությունների, փոխադարձ պաշտոնական այցերի և այլ նախաձեռնությունների միջոցով փորձում է քաղաքական տեսանկյունից մշտական ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Իսկ մյուս կողմից էլ՝ գործի են դրվում Հայաստանի նկատմամբ բացահայտ սպառնալիքները։

Ամիսներ շարունակ ադրբեջանական զորքը, գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ միայն մտադիր չէ հեռանալ, այլև բացահայտ սադրանքների է անցել, որոնք ուղղված են սահմանային իրավիճակը սրելուն։ Ըստ էության, համադրելով առկա ամբողջ տեղեկատվությունը՝ ստացվում է, որ բանակցային հարթության վրա քննարկվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հունվարի 11-ի համաձայնություններից բխող փաստաթուղթ (կամ փաստաթղթեր), որի առանձին դետալների շուրջ Երևանին տարբեր զիջումներ պարտադրելու համար ադրբեջանական կողմը փորձում է պրեսինգի դիմել։ Դրա համար էլ Փաշինյանը կառավարության նիստում ակնարկում էր, որ Ադրբեջանը ցանկանում է իրենց հետ շանտաժի լեզվով խոսել։

Սակայն ժամանակի ընթացքում Բաքուն ավելի է լարում սահմանային իրավիճակը և միաժամանակ մեղադրում Հայաստանին՝ նշելով, թե իրենք խաղաղության կողմնակից են, քանի որ հայկական կողմին խաղաղության պայմանագիր կնքելու կոչ են անում, սակայն Երևանը հրաժարվում է։ Իսկ միազգային հանրությունը, իր սովորության համաձայն, հակամարտության կողմերի միջև հավասարության նշան է դնում, այսինքն՝ իրենք միայն դատապարտում են սահմանային լարվածության սրացումը՝ Երևանին ու Բաքվին սահմանագծման շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու կոչ հղելով ու նորից հավասարության նշան դնելով։

Այն, որ միջազգային հանրության ու տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Բաքվի քայլերը դատապարտող հասցեական հայտարարություններ չեն հնչում, ինչոր առումով իշխանությունների վարած դիվանագիտության, իսկ ավելի հստակ՝ դրա բացակայության արդյունքն է։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի սադրանքները արտաքին գործընկերներին հանգամանալից ներկայացնելու և նրանց հետ աշխատելու փոխարեն, իշխանությունները երկրորդական հարցերով են զբաղված։ Անգամ զավեշտալի կարող է թվալ, որ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման ֆոնին նրանք զբաղված են ամենաերրորդական, հարյուրերորդական հարցերով։ Իսկ այսպիսի իրավիճակում, երբ արտաքին քաղաքականության ասպարեզում իշխանություններն ուղղակիորեն անգործության են մատնվել, ընդդիմությունն է փորձում իր ուժերը կենտրոնացնել այս ուղղությամբ ու փորձել հասնել որոշակի արդյունքի։

Օրինակ՝ որոշ չափով նաև ընդդիմության ջանքերի արդյունքում է, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները հայտարարություն ընդունեցին, որում դատապարտում էին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը և մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցումը։ Իշխանություններն անգամ ընդունակ չեն Ադրբեջանին հակազդելու ուղղությամբ որևէ ինքնուրույն քայլ ձեռնարկել։ Անգամ տպավորություն է, որ Հայաստանն ի դեմս այս իշխանությունների ձեռք է քաշել ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ-ի անվտանգության երաշխավորի գործառույթից։ Իրենց համար ամենակարևորը, միակ կարևորը իշխանությունը պահպանելն է, իսկ թե ինչ կլինի ընդհանրապես մեր երկրի ինքնիշխանության հետ, նրանց քիչ է հուզում։ Դրա համար էլ Փաշինյանը բացահայտորեն վաճառքի է դնում Հայաստանի ինքնիշխանությունը՝ արտերկրյա զինված ուժերին՝ լինի դա Ռուսաստան, ՀԱՊԿ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, հրավիրում է պաշտպանելու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը։

Ենթադրենք՝ արտաքին խաղացողներից որոշեցին օգնել Հայաստանին, ինչի՞ դիմաց են զորքեր տեղաբաշխելու հայ-ադրբեջանական սահմանին ու երաշխավորելու ՀՀ անվտանգությունը. բնականաբար, նրանք իրենց բաժինն են ցանկանալու Հայաստանից տարբեր զիջումների տեսքով։ Եվ հարց է, թե Հայաստանն ինչպիսի՞ զիջումների է պատրաստ։ Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ իշխանությունները հաշվարկել են, որ արտաքին ուժերն Հայաստանին միայնակ կթողնեն արտաքին սպառնալիքին դեմ հանդիման։ Եվ երբ հետո իրենք նոր կապիտուլ յացիոն համաձայնագրի ստորագրումը ներկայացնեն որպես ստեղծված իրավիճակից փրկություն կամ միակ ելք, կարող են պնդել, թե ամեն ինչ արել են դրանից խուսափելու համար, անգամ արտաքին ուժերին են դիմել։

Սակայն իշխանությունները, վերջին ընտրություններում իրենց հաղթանակով արբեցած, կարծես թե իրատեսորեն չեն գնահատում հետընտրական իրողությունները։ Չնայած բազմաթիվ աղաղակող խախտումներով հանդերձ իրենց հաջողվեց մեծամասնության մանդատը ստանալ, սակայն բավական է նորից զիջումներ կատարեն Ադրբեջանին ու երկիրը թողնեն նոր սպառնալիքներին դեմ հանդիման, ապա իրենց ստացած 53 տոկոս ձայները կարող են ակնթարթորեն զրոյանալ, ինչպես ընդամենը երկուսուկես տարում 70-80 տոկոսը դարձավ 53 (իսկ իրականում՝ անհամեմատ ավելի քիչ)։ Պետք է հաշվի առնել, որ արդեն կշեռքի նժարին է դրված մեր պետականության հարցը, որը կարող է ուղղակի համաժողովրդական պոռթկման առիթ դառնալ, ինչի ալիքը շատ արագ իր ճանապարհից կսրբի իշխանություններին։

Անհետք... Եվ այս անգամ ամեն ինչում նախկիններին մեղադրելու թեզերի գեներացումն էլ Փաշինյանին ու իր թիմակիցներին չի օգնի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ