Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News  

Ցեմենտ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության:

Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով: 

Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»: 

--00—ՄՀ