Իրավապահ համակարգը քննարկում է քրեական գործի քննությունը սկսել Արտակ Դավթյանից.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արտակ Դավթյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկումներ են սկսվել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի առնչությամբ: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կապված մայիսի 12-ին տեղի ունեցած դեպքերի հետ, երբ ադրբեջանական կողմին հաջողվել էր անցնել Հայաստանի սահմանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկում է սկսվել, որ այս քրեական գործի հարուցումից հետո հարցաքննությունը պետք է սկսել Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանից:

Այն տեսակետն է արտահայտվել, որ եթե Գլխավոր շտաբի կամ նրա ղեկավարի առնչությամբ ուսումնասիրություններ չսկսվեն, եւ նրան մեղադրանք չառաջադրվի, ապա այս ամեն ինչը միայն շոու է: Իրավապահ համակարգում եւս այն տեսակետն է արտահայտվել, որ գլխավոր պատասխանատուն հենց Արտակ Դավթյանն է: Եվ հիմա մնում է հասկանալ՝ այս քրեական գործի հարուցումը շոու էր, գոլորշի բաց թողելու քայլ, թե իսկապես գործողություններ կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ