Ուշագրավ թվեր. Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» ԲԿ-ի սրընթաց աճը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Թորոսյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դրսեւորում է ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում եւ մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն:

Թե ինչպես, բացատրենք. բանն այն է, որ նույն «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե 2017, 2018, 2019 եւ 2020 թվականների կտրվածքով որքան գումար է տրամադրվել «Միբս» բժշկական կենտրոնին եւ ինչ հիմնավորմամբ: Ստացել ենք պաշտոնական պատասխան այն մասին, որ 2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանը իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:

Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով: Որպես հիմնավորում՝ պաշտոնապես նշվում է, թե գումարները փոխանցվել են կատարողականների դիմաց: Բայց ակնհայտ է, որ այստեղ գործում է առաջին հերթին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որն առաջին օրվանից խոստանում է վերացնել գործող իշխանությունը ու հետեւողականորեն չի անում:

Նրանք մերժում էին նախկին բարքերը, բյուջեի հաշվին հարստացողներին, եւ հիմա ստացվում է, որ զերոյական պետական ֆինանսավորում ունեցող բժշկական կենտրոնը նախարար ամուսնու շնորհիվ սկսել է պահանջարկ վայելել, բժշկական կենտրոն այցելուների թիվը կտրուկ ավելացել է, եւ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ