Դատավորը մերժել է զոհվածի կնոջ դիմումը՝ երեխայի հայրության ճանաչման պահանջի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

հասարակական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից ապօրինի եւ անբարո դատական ակտ է կայացվել. փաստաբան Դիանա Գրիգորյանը կարգապահական վարույթ հարուցելու դիմում է պատրաստել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գրիգորյանը։

«Հարգելի ընկերներ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար պատրաստել եմ դիմում՝ հասցեագրված Արդարադատության նախարարին եւ Ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովին: Դիմումի ներկայացման դրդապատճառը հանդիսացել է դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից ապօրինի եւ անբարո դատական ակտի կայացումը, որով մերժել է Արցախյան 3-պատերազմի ընթացքում զոհված հերոսի կնոջ դիմումը՝ երեխայի հայրության ճանաչման պահանջի մասին: Կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնության շարժառիթը հետեւյալն է՝ իմ կարծիքով մեր երկրում նման անբարոյական ու արատավոր երեւույթներ են կատարվում, քանի որ ոտնահարված են բոլոր սկզբունքներն ու արժեհամակարգերը եւ մենք՝ որպես փաստաբաններ, որպես իրավաբաններ պետք է ձեւավորենք կամ վերականգնենք այն բարոյական սկզբունքներն ու արժեհամակարգերը, որոնք ընկած են պետության կառուցման եւ ազգի պահպանման հիմքում: Այս նախաձեռնությունը հենց այդ գործընթացին է ուղղված: Նաեւ կարեւորում եմ դիմումը Ընդհանուր ժողովի կարգապահական եւ էթիկայի հանձնաժողովին հասցեագրելը, որպեսզի դատավորները եւս իրենց համայնքում գնահատական տան դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից կայացված անբարոյական դատական ակտի: Համոզմունք ունեմ, որ նման եղանակով եւս կարելի է ձեւավորել արժեհամակարգեր ու սկզբունքներ ու  ձեւավորել իրական ազգ, պետություն:

Քոմենթ բաժնում տեղադրում եմ կարգապահական վարույթի հարուցման դիմումը, այն բաց է քննարկման, ավելացումների համար:

Ովքեր համաձայն են մինչեւ երկուշաբթի կարող են ստորագրել դիմումը՝ որպեսզի երկուշաբթի մուտքագրենք  Արդարադատության նախարարություն եւ Ընդհանուր ժողովի կարգապահական եւ  էթիկայի հանձնաժողով:

Հ/Գ: Ես դիմողի ներկայացուցիչ չեմ եւ այս գործընթացը չի իրականացվում դիմողի անունից կամ որպես դիմողի ներկայացուցիչ, այս նախաձեռնությունը փաստաբանների կողմից իրականացվող գործընթաց է՝ որպես անբարոյական դատական երեւույթների դեմ պայքար»,- գրել է նա։

--0--ԿԿ