Իջևանի խանութ-սրահից գողացել են բջջային հեռախոսներ, պատճառելով 1.466.000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խանութ-սրահից կատարված հեռախոսների գողության դեպքը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 17-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, երկաթե լինգի գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Իջևան քաղաքի Վասիլյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահ և այնտեղից հափշտակել տարբեր արժողության 11 բջջային հեռախոսներ՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.466.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

--0--ԿԿ