1 շաբաթում՝ 792 ահազանգ․ 22 դեպք եղել է հրդեհի մասով․ ոչնչացվել է մոտ 2722 ռումբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

նկար

2021 թվականի փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ: ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու և արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը The Halo trust կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները:

Սեպտեմբերի 27-ից առ այսօր միայն ԱԻ ծառայության սակրավորները Արցախի տարածքից հայտնաբերել և ոչնչացրել են շուրջ 2722 հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, 286 հատ ականանետի ական, 186 հատ ձեռքի նռնակ, 13 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, 600 հատ արկ: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով:

Եղանակի տաքացման հետ Արցախի Հանրապետությունում ավելացել են հրդեհի մասին դեպքերը: Անցած 7 օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 22 դեպք: Տարվա այս սեզոնին այս թիվն աննախադեպ է: Հրդեհները բռնկվել են բաց խոտատարածքներում, անտառներում և բնակելի մեկ տնակում: Հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները գերազանցությամբ են իրականացրել իրենց պարտականությունները՝ ժամանակին կատարելով հրդեհաշիջման աշխատանքներ: Արդյունքում բնապահպանական լուրջ վնասներ չեն գրանցվել, մարդկային տուժածներ չկան:

Վերջին շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 56 կանչ է գրանցվել: Դրանք մեծ մասամբ բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման-ջրահեռացման և դռների բացմանն էին վերաբերում: 911 ահազանգման կենտրոնում վերջին 7 օրերին ավտոճանապարհատրանսպորտային պատահարների մասով դեպքեր չեն արձանագրվել:

ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: 2021 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձիք են:

--00—ԼՄ