Հայտնաբերվել է 19 զինծառայողի, մեկ քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News 

մարմին

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 20 մարմին, որոնցից 19-ը` զինվորի, 1-ը` քաղաքացիական անձի: Քաղաքացիական անձը տարեց մարդ է եղել, ով դժվար մասնակցած լիներ ռազմական գործողություններին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա կամ զոհվել է բեկորային վնասվածքից, կամ սպանվել է ադրբեջանցիների կողմից: Տղամարդու աճյունը գտնվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղից: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Մնացած 19 մարմինները հայտնաբերվել են Մեխակավանից (Ջաբրայիլ): Նոյեմբերի 13-ից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1175 աճյուն: Դիերի և ողջ մնացածների որոնողական աշխատանքներն այսօր ևս շարունակվելու են Մեխակավանի, Հադրութի և Կարմրակուճի ուղղություններով», - հավելել է Թադևոսյանը:

--00--ԱՀ