Վերադարձնել գերիներին, լուծել անօթևանների կացարանի խնդիրը. Արցախում լուծվելիք խնդիրները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Արցախ

Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Այս մասին այսօր նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հումանիտար և սոցիալական ոլորտի մասին:

«Ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն: Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.

• Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.

• Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.

• Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.

• Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.

• Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.

• Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.

• ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.

• Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.

• Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.

• Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.

• Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.

• Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:

Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն»,- նշել է նա:

--00--ԱԹ