ՀՀ-ում և Արցախում խնդիրները պետք է լուծվեն ազգային շահերի գերակայության թելադրանքով

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News  

ժառանգություն

Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասվում է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը եւ Արցախը ամեն օր բախվում են նորանոր ծանր խնդիրների, ցայսօր Ադրբեջանը ոչ միայն չի կատարել եռակողմ համաձայնությամբ նախատեսված կետերը, այլեւ բացահայտ հակահայկական քաղաքականություն վարելով, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ ահաբեկմամբ միակողմանի նոր զիջումներ է կորզել Հայաստանի ներկա իշխանությունից՝ վտանգելով մեր պետության տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է՝ Հայաստանի համար նվաստացուցիչ պարտությամբ ավարտված պատերազմի 44 օրերի եւ հետպատերազմական ժամանակահատվածում ծագած բոլոր խնդիրները ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարության անկարողությունը ճգնաժամային իրավիճակում պետությունը ղեկավարելու: Ալիեւը հայ ռազմագերիներին դարձել է քաղաքական պատանդ եւ նրանց կոչելով ահաբեկիչներ՝ փորձում է զրկել ռազմագերու կարգավիճակից եւ լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի վրա: Այս պայմաններում հունվարի 11-ին նախատեսված մոսկովյան այցի շրջանակներում Ալիեւ-Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման հեռանկարը անորոշ օրակարգով մեծ մտահոգություններ է առաջացնում:

Առկա վտանգավոր իրողությունների եւ դրանց վերաբերող հանրային, քաղաքական անհրաժեշտ խոսույթի բացակայության պայմաններում՝ Փաշինյանի բացատրությունները էլ ավելի են խորացնում այդ մտահոգությունները, որովհետեւ այս պայմաններում խոսել տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին նշանակում է դառնալ ադրբեջանաթուրքական նոր դավերի զոհ՝ կազմաքանդելով հայոց պետականությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը վարչապետից պահանջում է հրաժարվել Մոսկվա մեկնելուց Հայաստանի համար անընդունելի օրակարգով եւ պարտվողական կեցվածքով: Հայաստանը պետք է վճռականորեն պահանջի Ալիեւից անվերապահ վերադարձնել մեր ռազմագերիներին եւ պատանդներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության 8-րդ կետի համապատասխան:

Ոչ մի նոր պայմանավորվածություն չի կարող քննարկվել, առավել եւս ստորագրվել, քանի Ադրբեջանի կողմից չեն կատարվել նախորդները: Հայաստանը պետք է դուրս գա միակողմանի զիջումների կործանարար շղթայից, օտար ազդեցություններից, Արցախի հարցը պետք է վերադառնա Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափ: Հայաստանում եւ Արցախում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես ազգային շահերի գերակայության թելադրանքով, հանրությունն այլեւս չի կարող խաբված լինել, ամեն ինչ պետք է լինի բաց եւ հրապարակային՝ ՀՀ Սահմանադրության, օրենքների պահպանմամբ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երաշխավորել այս ամենը, պետք է հեռանա օր առաջ:

--00—ՄՀ