Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կիրականացնի իր պարտավորությունները. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը KP-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նա նշել է՝ Բաքուն չի հաղթահարել Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում իր ունեցած պարտությունը, ու դա միայն բառերով չէ, որ արտահայտվում է: 2016-ի ապրիլին Բաքվի ակնհայտ ցանկությունը կար՝ ցուցադրել իր ուժը, փոխել ստատուս-քվոն:

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած դեպք՝ այն հրադադարի, որ այդքան դժվարությամբ ձեռք բերվեց 1994-ին:

Հարցին՝ որքանո՞վ է Ադրբեջանն անկախ իր որոշումներում, արդյո՞ք նա քայլերի է գնում երրորդ կողմի դրդմամբ, Զատուլինը պատասխանել է, որ Բաքուն լրիվ անկախ է:

«Բաքվի հռետորաբանությունը, ռազմական բյուջեի ավելացումն, անխոս, կապված են 90-ականներին պատերազմում ունեցած անհաջողությամբ: Ադրբեջանի ղեկավարությունն այդ քաղաքականության գերին է դարձել: Սակայն Ադրբեջանն, ինչ խոսք, դաշնակիցներ ունի: Նրանցից գլխավորը Թուրքիան է, որն անմիջապես հիշեց «Երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսը: Շարունակվում են նրանց փոխադարձ ռազմական շփումները, ցուցադրական հայտարարություններն այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տրամադրության տակ են: Սա այլ կերպ կարելի՞ է մեկնաբանել, եթե ոչ՝ այս պայթյունավտանգ տարածաշրջանում կոնֆլիկտ թեժացնելու փորձ»,- նշել է նա:

ՀԱՊԿ անդամ որևէ երկրի վրա հարձակումը նշանակում է՝ բոլորի վրա հարձակում, այս սկզբունքը չի գործում Լեռնային Ղարաբաղի դեպքում: Իսկ արդյո՞ք Ռուսաստանը կփորձի օգտվել ՀԱՊԿ-ի իր լծակներից, եթե հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվի: Այս հարցին Զատուլինը պատասխանել է.

«Ռուսաստանը պարզապես պարտավոր է Հայաստանի վրա հարձակման դեպքում իրականացնել Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց բոլոր մասնակիցները պետք է հստակ գիտակցեն՝ ինչ ռիսկի առաջ են իրենք: Մենք չէինք ցանկանա, որ Բաքուն կամ Երևանը ներքաղաքական պատճառներով հարձակումն օգտագործեին իրենց դիրքերի ամրապնդման մասին: Իսկ այդ պահը կա՝ և համավարակ է, և տնտեսական ճգնաժամ: Ժողովրդին առկա խնդիրներից շեղելը գայթակղիչ միտք է»:

Ըստ Զատուլինի՝ հարցը՝ Ռուսաստանն իր պարտավորությունները կիրականացնի՞, թե՞ ոչ, շահարկման առարկա է դառնում թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Նա շեշտել է՝ անխոս, Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան կիրականացնի իր՝ իբրև ՀԱՊԿ անդամի, պարտավորությունները.

«Սակայն դա չի նշանակում, որ ամեն առիթով մենք պետք է «Հանուն Հայրենիքի» գոռալով առաջ վազենք: Մենք թույլ չենք տա մեզ շահագործել: Իսկ հայ ժողովրդի պաշտպանության համար իհարկե հանդես կգանք: Նույն կերպ, ինչպես հայերը, հուսով եմ, հանդես կգան ի պաշտպանություն մեր ընդհանուր արժեքների»:

--00--ԱԹ