Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

l-0x44wh-2048x1193z-0.3838

Ապրիլի 23-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանն (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԺԺՀ արտաքին գործերի և արտերկրում ազգային համայնքի նախարար Ահմեդ Ատտաֆին։

Շնորհավորելով ԱԺԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումն ու կողմերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչը կարևոր ազդակ կհանդիսանա տարբեր ուղղություններով Հայաստանի և Ալժիրի միջև գործընկերության ամրապնդման համար:

Հանդիպմանը դեսպան Հր․ Փոլադյանը ԱԺԺՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները:

Նույն օրը դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Ալժիրում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

--00—ՅՄ