Փաշինյանը չի հանդիպել Տեր-Պետրոսյանին, հեռախոսազրույց ևս չի ունեցել․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

քաղաքական

«Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Վարչապետն ինքնամեկուսացման մեջ միայն տեսակապի միջոցով մասնակցել է նիստերին, քննարկումներին, խորհրդակցություններին և որևէ հանդիպումներ չի ունեցել, իսկ երեկ՝ ինքնամեկուսացումից հետո, առաջին անգամ աշխատանքի էր եկել», - այս մասին 24News-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-երով տեղեկություն էր հրապարակվել, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ կորոնավիրուսով վարակված էր, հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քննարկվել է ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, ինչին հետևել է ուժային կառույցներում փոփոխությունները։ 

Վարչապետի մամուլի քարտուղարը 24News-ին հավաստիացրեց, որ նույնիսկ հեռախոսազրույց չի եղել վարչապետի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև։ 

Մամուլում տեղեկություն է հրապարակվել նաև այն մասին, որ անվտանգության լրացուցիչ ուժեր են բերվել կառավարական առանձնատների տարածք՝ հսկողությունն ուժեղացնելու համար, սակայն վարչապետի խոսնակը այս տեղեկությունը ևս հերքեց։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ