Մոսկվան կարող է դեսանտային գործողություններ իրականացնել Ղարաբաղի համար․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News  

դեսանտ

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Այս մասին գրել է РИА Новости-ն։

Ըստ Զատուլինի՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում: Խորհրդարանականը խոստովանել է, որ վստահ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում:
«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձևով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևաչափով՝ հայկական, ոչ Լեռնային Ղարաբաղի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Զատուլինը:

Բացի այդ, պատգամավորը նաև համաձայնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ հակամարտությունը դեռևս չունի դիվանագիտական լուծում՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով: Խորհրդարանականը ափսոսանքով է նշել, որ բանակցային գործընթացը փաստացի առաջ չի գնում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին:

«Այդ պատճառով մասամբ կարելի է հաստատել այն, ինչ ասել է Փաշինյանը: Մենք հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը և կողմ է բանակցություններին: Միևնույն ժամանակ, շարունակում է հարձակումը և անընդունելի պահանջներ առաջ քաշում: Սակայն արտաքինից դա խաղաղասիրության դրսևորում է երևում»,- կարծում է Զատուլինը:
 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ