Առաքել Մովսիսյանի որդին հացադուլի կդիմի, եթե չապահովեն նրա ներկայությունը դատական նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

դավիթմովսիսյան

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործով քննիչի գործողությունների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Մովսիսյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։ 

Պաշտպանը բողոքարկել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումը ու դատարանից պահանջում է վերացնել ՀՔԾ-ի որոշումը ու պարտավորեցնել՝ քրեական գործ հարուցել։

Գևորգյանը պնդում է, որ Դավիթ Մովսիսյանին ձերբակալելիս քննիչը ներկայացրել է դատավարական գոյություն չունեցող հիմք՝ կա՛մ անցնելով իր լիազորությունները, կամ՝ արարքը կատարվել է պաշտոնեական անփութության հետևանքով, որի հետևանքով Դավիթ Մովսիսյանն ապօրինի զրկվել է ազատությունից, ինչը նաև արձանագրել է դատարանը՝ քննիչի գործողությունները ճանաչելով ոչ իրավաչափ: Բացի այդ՝ Գևորգյանը տեղեկացրել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Դավիթ Մովսիսյանին թույլ չեն տալիս հանդիպել իր փաստաբանի հետ։ Ընդ որում՝ Դավիթ Մովսիսյանը գտնվում է «Շուշի» ՔԿՀ-ում և նրան թույլ չեն տալիս ներկա գտնվել նույնիսկ սեփական խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստերին, ինչը, փաստաբանի գնահատմամբ, խախտում է Մովսիսյանի իրավունքները, վերջինս զրկված է խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից։

Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի առաջիկայում՝ վերաքննիչ քրեական դատարանում, սակայն «Շուշի» ՔԿՀ-ից Մովսիսյանին ՀՀ տեղափոխելու հարցը դեռևս չի լուծվել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի է բարդացել Մովսիսյանի ներկայությունը դատական նիստերին ապահովելու հարցը, առավել ևս, որ իրեն ևս թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը ։ Նա տեղեկացրել է, որ Մովսիսյանի ներկայությունը դատական նիստերին ապահովելու համար դիմել էին ՔԿՀ, որտեղից մերժել են նրան տեղափոխել ՀՀ՝ նշելով կորոնավիրուսի համավարակի հանգամանքը։ Գևորգյանի խոսքով՝ Դավիթ Մովսիսյանը գրավոր հայտնել է, որ, եթե վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին չապահովեն իր մասնակցությունը, ապա նա կդիմի հացադուլ իրականացնելու իր որոշմանը։ Գևորգյանը վստահեցրել է՝ Մովսիսյանն ամուր կամք ունի և հացադուլ անելու դեպքում նա չի դադարեցնի այն։

Հիշեցնենք, որ հունվարի 30֊ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երևան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:

Նրանց թվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։