Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

t.

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին,ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել «Ավրորայի» գործունեության ութ տարիները ներկայացնող «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից, ցուցադրվող էջն ամփոփում եւ ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը:

Երեւանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչեւ տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն արդեն ներկայացված է «Մատյան մարդասիրաց» ձեռագրում, որը  կցուցադրվի Մատենադարանի Քարտեզների սրահում մինչեւ 2024 թ. մայիսի 24-ը:

«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատմությունը մարդկային բարոյական սխրանքների պատմություն է: Բավական է նշել Հովհաննես Հուսյան Վարդապետի անունը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր ձեռագրերին զուգահեռ փրկել էր նաեւ բազում մարդկային կյանքեր: Նաեւ այս իմաստով է, որ Մատենադարանը համարվում է մարդասիրական արժեքների հաստատություն եւ խորհրդանիշ: Ամենեւին պատահական չէ նաեւ, որ բացառիկ մի նախագիծ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, իր ստեղծման օրից իսկ որպես հիմնական գործընկեր էր ընտրել Մատենադարանը: Համատեղ նպատակի դրսեւորում էր նաեւ «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ստեղծումը, որին մասնակից են նաեւ պատանիները: Ստեղծագործաբար յուրացնելով հումանիստական արժեքների կոնկրետ իրականացման պատմությունները, ճանաչելով բարոյական սխրագործությունները մարմնավորող անհատներին՝ նրանք կամա թե ակամա, գիտակցորեն թե անգիտակցաբար ձեւավորում են աշխարհի օրինակելի քաղաքացու կերպար եւ յուրահատուկ բարոյական կոդեքս: Ուրախ ենք այս նախագծի հաջող ամփոփման համար եւ շնորհակալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ շուրջ մեկ տասնամյակ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա առաջին ձեռագիրն է, որը ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ պահպանելով հայ մատենագրության ավանդույթները: Այն ներկայացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ընդգծելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների  մարդասիրական առաքելությունը: Ձեռագիրը պատմում է ոգեշնչող մարդասիրության, անձնվիրության եւ բացառիկ խիզախության մասին, ինչը ներկայացվում է յուրօրինակ պատկերազարդմամբ:

«Ավրորայի» յոթ դափնեկիրների տիտղոսաթերթիկներն ու ամփոփիչ՝ Ավրորա  Մարդիգանյանի հուշակոթողին  նվիրված էջը նկարազարդել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները: 

«Ստեղծված լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր գործունեության ութ տարիների ընթացքում դարձել է մարդասիրության յուրօրինակ ուղենիշ եւ փարոս՝ վերափոխելով ավելի քան երեք միլիոն մարդու կյանք աշխարհի տարբեր անկյուններում: Երեւանի Մատենադարանում ստեղծված այս ձեռագիրը նախաձեռնության մարդասիրական առաքելության արտացոլումն է, սերունդների կապի ու պատմության հարատեւման ապացույցը: Խորհրդանշական է, որ «Ավրորայի» այս ութ տարիների պատմությունը ձեռագրում ամփոփվում է Ավրորա Մարդիգանյանին նվիրված քանդակի մասին արձանագրությամբ՝ ի նշան մի ամբողջ ազգի տոկունության եւ համամարդկային հավերժական արժեքների: Ավրորա Մարդիգանյանը խիզախության եւ վերածննդի խորհրդանիշ է մեզ համար, որի մասունքներն այսօր ամփոփված են Կալիֆորնիայի ընդհանուր գերեզմանատներից մեկում: Կարեւոր է, որ, ի վերջո, նա իր հանգրվանը գտնի Հայաստանում, եւ այստեղ լինի նրա հուշակոթողը՝ ի նշան մեր անսահման երախտագիտության», - նշել է «Ավրորա»-ի ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը:

Ավրորա Մարդիգանյանին նվիրված երախտագիտության հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչեւ փրկություն: Քանդակի հետևի հատվածում կլինեն կանայք գաղթի ճանապարհին եւ Ավրորան՝ նրանց հետ: Իսկ դիմային հատվածում կլինի Մարդիգանյանի կերպարը՝ նրանցից առանձնացած, փրկված եւ լուսավորված:

«Ոգեշնչված այդ խիզախ հայուհու պատմությամբ՝ ինձ համար պատիվ էր ստանձնել նրան նվիրված հուշակոթողը կերտելու գործը: Այս քանդակը զուտ մեկ անձի պատմության ներկայացում չէ, այն Ավրորա Մարդիգանյանի եւ Հայոց ցեղասպանության դժոխքով անցած յուրաքանչյուր հայի պատմության մասին է: Այն ստեղծելիս ես քանդակի մեջ ամբողջացրել եմ այդ փխրուն կնոջ եւ համաշխարհային պատմությունը: Հուշակոթողն ունի երկու կողմ՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով: Մի կողմում Ավրորան է եւ այն դժոխքը, որի միջով անցան նա ու հայ ժողովուրդը, մյուս կողմում փրկության լույսն է: Ի վերջո, Ավրորայի պատմությունը նաեւ հույսի մասին է. նա կարողացավ փրկվել»,- ընդգծել է հուշակոթողի հեղինակ Վիգեն Ավետիսը:

--00—ԼՀ