Ֆրանսիայի հայկական եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ff

 

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շավիլ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Շավիլ քաղաքի հայ առաքելական եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հաջորդեց քայլերթ դեպի քաղաքի Շառլ Ազնավուր հրապարակ, որտեղ զետեղված է Հայկական հուշարձան։

Միջոցառմանը ներկա էին Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայի Ժողովրդավարական զարգացման հարցերով լիազոր նախարար, կառավարության մամուլի խոսնակ Պրիսկա Թևենոն, Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Վիրժին Լանլոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի փոխնախագահ Արմել Թիլին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների և դիմադրության շարժման մասնակիցների ասոցիացիայի (ANACRA) նախագահ Լեոն Հովնանյանը, նահանգային, դեպարտամենտային ու քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հիշատակման արարողությանը մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Շավիլի հայկական եկեղեցու մշակութային ասոցիացիայի անդամ Ստեֆան Ֆովը։

Արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգները։ Շավիլի եկեղեցու հոգևոր հայր Տեր Գուրգեն Աղաբաբյանի կողմից հուշարձանի մոտ հնչեցվեց ոգեկոչման աղոթք, որին հաջորդեցին Կոմիտասի մի շարք կատարումներ։

--00—ՍՊ