Արթիկում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի  մարզ, քաղաք Արթիկ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

  Կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:

Մասնավորապես՝ 

* արտադրամասի հատակը հարթ չի եղել, որոշ հատվածներում առկա են եղել փոսեր, ինչը նշանակում է, որ հատակը հնարավոր չէ հեշտորեն լվանալ և ախտահանել

*  առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, ինչը չի բացառում մասնիկների թափվելու հնարավորությունը,

*  պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, 

*  սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, դրանք պատշաճորեն չեն լվացվել և ախտահանվել:

     Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

--00—ԼՀ