Մեր երկրում ջիհադիստներ չպետք է լինեն. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ամն.

ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը կողմ է մահմեդական որոշ երկրների նկատմամբ ճանապարհորդական արգելքի վերականգնմանը։ Այն չեղարկվել էր նախագահ Ջո Բայդենի կողմից:  Այս մասին հայտնում է amerikayidzayn.com-ը։

Երբ 2016 թվականին Դոնալդ Թրամփը առաջադրվեց ԱՄՆ նախագահի թեկնածու, խոստացավ փոխել Միացյալ Նահանգների ներգաղթի օրենքները՝ երկիրը զերծ պահելու «իսլամական երկրների ահաբեկիչներից»։

«Հեռու կպահենք արմատական իսլամիստներին մեր երկրից։ Այլընտրանք չունենք»,- հայտարարել էր Թրամփը:

ԱՄՆ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո Դոնալդ Թրամփը արգելեց մահմեդական մեծամասնություն ունեցող 7 երկրներից մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության ղեկավար Լի Գելերնտն ասում է․ «Եթե գոյություն ունեն իրական սպառնալիքներ, ապա դրանք պետք է առանձին-առանձին քննել։ Չպետք է ենթադրենք, թե որևէ խումբ կամ կրոն ավելի վտանգավոր է, քան մեկ ուրիշը»:

Թրամփի հաստատած այդ արգելքի օրինականության հարցը քննարկվել է անգամ ԱՄՆ գերագույն դատարանում։

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենը նախորդ ընտրություններից առաջ՝ 2020 թվականի քարոզարշավի ժամանակ, հանդես եկավ Թրամփի սահմանած նշված արգելքի դեմ. «Չպետք է ընդունեք մի նախագահի, ով սերմանում է ատելություն և բացառում է մահմեդականների մուտքը [մեր] երկիր»:

Ինչպես ասացինք, Բայդենը չեղարկեց ԱՄՆ մուտք գործելու արգելքը այդ երկիրների համար։

Չորս տարի անց՝ Վիսկոնսին նահանգում քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարեց, թե Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են մտածել, որ եկել է նմանատիպ ևս մեկ արգելքի ժամանակը:

«Ամերիկայի Միացյալ Նահանգներում ջիհադ պետք չէ։ Մեզ պետք չէ, որ մեր մեծ քաղաքները դառնան ահաբեկչության օջախ։ Իմ նախագահության առաջին օրը ես վերականգնելու եմ ճանապարհորդական արգելքը, կասեցնելու եմ փախստականների ընդունումը և ահաբեկիչներին հեռու եմ պահելու մեր երկրից, ինչպես նախկինում եմ արել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Փոխարենը՝ Բայդենը վերստին անդրադարձել է Միացյալ Նահանգներում ներգաղթյալների բազմաթիվ ներդրումներին:

«Ինչո՞ւ է Չինաստանը տնտեսապես այդքան վատ վիճակում: Ինչու՞ է Ճապոնիան դժվարությունների մեջ, նույնը՝ Ռուսաստանի կամ Հնդկաստանի պարագայում է: Որովհետև նրանք դեմ են ներգաղթյալներին։ Ներգաղթյալներն են մեզ ուժեղ դարձնում, որովհետև ունենք աշխատողների հոսք, ովքեր ցանկանում են այստեղ ապրել և իրենց ներդրումն ունենալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Հարվարդի CAPS-Harris-ի՝ այս ապրիլին կայացած սոցհարցման համաձայն, ԱՄՆ ընտրողների շրջանում գլխավոր խնդիրներ են համարվում ներգաղթն ու գնաճը:

--00—ԼՀ